ՀՀ Ազգային ժողովում 2015 թ. ապրիլի 8-ին՝ «Հարց ու պատասխանի» օրը, պատգամավորներից մեկի հարցին՝ ի վերջո, Հայաստանում կկառուցվի՞ պղնձաձուլարան, թե՞ ոչ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հնչեցրած պատասխանը` յուրաքանչյուր տոննա պղնձի դիմաց արտադրվելու է մի քանի անգամ ավելի ծծմբական թթու, որն էլ Հայաստանում իրացնելն անհնար է, ինձ ստիպեց նորից գրիչ վերցնել ու հիմնավորումներ տալ պարոն Ճշմարիտյանի անհիմն տեսակետի վերաբերյալ։ Ինձ թվաց, որ պարոն Ճշմարիտյանը տվյալ պատասխանը հնչեցրեց, որպեսզի բացառի պղնձաձուլարանի կառուցումը։
Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը ես անդրադարձել եմ բազմիցս, սակայն իմ ձայնն այդպես էլ մնացել է անլսելի և, հավանաբար, անհասկանալի։
Մինչ տվյալ հարցի վերաբերյալ իմ բարձրաձայնումը, Հայաստանում շրջանառության մեջ էր գտնվում մի տեսակետ, թե բոլոր հաշվարկներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ պղնձի խտանյութի վերամշակումը Հայաստանում գործնականում անհնար է, քանի որ Հայաստանում չկա պահանջվող քանակի խտանյութ։ Համեմատության համար բերվել էր Լեհաստանի օրինակը, որտեղ իբր թե «պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան արտադրում է 500000 տ պղինձ, այն պարագայում, երբ Հայաստանում տարեկան արտադրվող պղնձի քանակը հազիվհազ կազմում է 40-45000 տոննա»։ Այս սխալ և անհիմն տեսակետի նախահայրը Երևանի մաքուր երկաթի գործարանի նախկին տնօրեն պարոն Գենիկ Կարապետյանն է, որն էլ իր «փայլուն» մտքերը հայտնել էր «Գոլոս Արմենիի» թերթի լրագրողին։
2014 թվականին նույնանման մտքեր էր արտահայտել «Էյ-Սի-Փի» (Armenian Copper Programme) ընկերության տնօրեն պարոն Գագիկ Արզումանյանը, ով վերը նշված թերթի լրագրող Կարեն Արզումանյանին ասել էր. «Բանն այն է, որ առկա են մի քանի նախապայմաններ, որոնցից ամենակարևորն այն է՝ ո՞ւր տանել ծծմբական թթուն, որն առաջանալու է պղնձի արտադրության ժամանակ։ Վերջին բաղադրիչը կարող է դառնալ ամենաթույլ հանգույցը, ընդ որում` որոշիչը, քանի որ Հայաստանում, տվյալ ժամանակահատվածում, նշված ծավալի ծծմբական թթվի իրացման շուկա չունենք»։
Հաշվի առնելով գոյություն ունեցող և անընդհատ շրջանառվող սխալ տեսակետները, որոնք էլ փոխանցվում են ՀՀ կառավարության ղեկավարությանը, ես վերջին անգամ՝ 2014 թվին, ՀՀ կառավարությանն ուղարկեցի պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ բացատրություն-հիմնավորում, որը վերնագրել էի «Հայաստանում կառուցե՞լ, թե՞ չկառուցել պղնձաձուլարան» վերնագրով, որտեղ էլ ներկայացրել էի, թե պղնձի որքան խտանյութ է թողարկվում տվյալ ժամանակ Հայաստանում և որքան կարող է թողարկվել 2028 թվից հետո։ Բացատրել էի ի գիտություն պարոնայք Գենիկ Կարապետյանի և Գագիկ Արզումանյանի, որ Հայաստանում գոյություն ունի նորագույն տեխնոլոգիա, որի օգնությամբ հնարավոր է Հայաստանում կառուցվելիք պղնձաձուլարանում տվյալ մետաղի արտադրությունը կազմակերպել` բացառելով ծծմբական թթվի արտադրությունը։ Հայաստանի գիտնականների կողմից, ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայում, մշակվել է տեխնոլոգիա, որի օգնությամբ ծծմբական թթվի փոխարեն ծծումբը կորզվում է ծծումբ տարրի և ծծմբական նատրիումի տեսքով։ Իմ այդ բացատրություն-հիմնավորումը ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից վերահասցեագրվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից էլ ստացա հետևյալ պատասխանը. «Անշուշտ, պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը լոկոմոտիվային դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար և կխթանի հանրապետության այլ ճյուղերի զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ պղնձի վերամշակման խորացումը, ընդհուպ մինչև էլեկտրատեխնիկական պղնձի, իսկ հետագայում նաև լարերի արտադրության կազմակերպում, որը կխթանի հանրապետության էլեկտրատեխնիկական համալիրի զարգացումը»։
ՈՒշադրությունից դուրս թողնելով մեզ հասցեագրված պատասխանի ոչ էական կողմերը, այստեղ ցանկանում եմ մեջբերել պատասխանի նախավերջին պարբերությունը, որը հարուցել է իմ զարմանքը. «Սակայն անհրաժեշտ է նշել նաև, որ մետալուրգիական գործարանի կառուցման նպատակով պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ մասնագիտացված հեղինակավոր կառույցների կողմից և մշակվեն մետալուրգիական գործարանի կառուցման տեխնիկա-տնտեսական լուրջ հիմնավորումներ, որոնք պետք է ներառեն նաև համալիր առաջարկություններ՝ գործարանի արտադրական հզորությունների, օպտիմալ տեխնոլոգիաների, ներդրումների քանակի, ընկերության ձևաչափի, տրանսպորտային և լոգիստիկ լուծումների, ոլորտի տեղական կազմակերպությունների գիտական մշակումների օգտագործման (որի մասին նշել է գրության հեղինակը), ինչպես նաև ձեռնարկության գործունեության արդյունքում ստացվող հարակից նյութերի (մասնավորապես ծծմբաթթվի) օգտագործման հնարավորությունների և իրացվելիության վերաբերյալ»։
Մեջբերման ընդգծված (վերջին) մասը ինձ զարմացրեց և մի փոքր էլ զայրույթ առաջացրեց։ Հարց առաջացավ՝ մի՞թե պատասխանող պարոնը` Սամվել Պարանյանը, մինչև վերջ և ուշադիր չի կարդացել իմ` ՀՀ վարչապետին ուղարկված և վարչապետի աշխատակազմից էկոնոմիկայի նախարարությանը վերահասցեագրված հիմնավորում-առաջարկը, որտեղ սևով սպիտակի վրա շատ պարզ ու հասկանալի գրված է. «ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս պղնձի խտանյութերի վերամշակման գործընթացում կորզել ոչ միայն պղինձ մետաղը, այլև խտանյութում առկա պղնձի խալկոպիրիտ և խտանյութ անցած ծծմբի հրաքար (պիրիտ) հանքանյութերի հետ հարակից տարածված մի շարք այլ տարրեր՝ ոսկի, արծաթ, սելեն, տելուր, բիսմութ և այլն, ինչպես նաև ծծումբ՝ ծծումբ տարրի և ծծմբական նատրիումի տեսքով, խուսափելով ծծմբական թթվի արտադրությունից»։ Այնուհետև գրված է. «Նշենք, որ ՀՀ-ում պղնձաձուլարան (մետալուրգիական գործարան) պետք է կառուցվի ոչ թե 100-ամյա վաղեմության տեխնոլոգիաներով, այլ ժամանակակից ու գերժամանակակից՝ օգտագործելով ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի մշակումները»։
Հստակեցնենք. մեջբերված հատվածում գրվա՞ծ է այն մասին, թե նախատեսվող պղնձաձուլարանում թողարկվելու է նաև «մասնավորապես» ծծմբաթթու։ Չկա գրված այդպիսի բան։ Մի՞թե կարելի է (հնարավոր է) գրել ավելի պարզ ու հասկանալի, որ ծծմբական թթվի արտադրությունը բացառվում է և դրա փոխարեն ծծումբը կորզվելու է ծծումբ տարրի կամ (և) ծծմբական նատրիումի տեսքով, որոնցից առաջինը և՛ պահպանելու, և՛ տեղափոխելու առումով շատ ավելի հեշտ ու անվտանգ է, քան ծծմբական թթուն։ Իսկ երկրորդը՝ ծծմբական նատրիումը, որը թողարկվելու է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության պահանջների քանակով, ամբողջությամբ իրացվելու է Հայաստանում՝ ֆլոտացիոն եղանակով հանքահարստացման գործում։ Նշեմ նաև այն, որ 2008 թ. ծծումբ տարրի մեկ տոննան միջազգային շուկայում վաճառվում էր 650-700 ԱՄՆ դոլարով, հետո, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված, այդ գինը նվազեց՝ հասնելով 70-75 դոլարի։ Սակայն, համոզված եմ, որ ծծումբ տարրի արժեքը՝ պահանջարկի մեծացման հետ կապված, անպայման աճելու է և, հավանաբար, կհասնի 2008 թ. մակարդակին։ Ի գիտություն հարգարժան ընթերցողների` հայտնեմ, որ ծծումբ տարրը գերակշիռ մեծամասնությամբ կիրառվում է ավտոդողերի (ինչպես նաև ինքնաթիռների դողերի) արտադրության մեջ՝ կաուչուկը ռետին դարձնելու գործընթացում, ինչպես նաև լուցկու, թունաքիմիկատների և այլ արտադրություններում։
Դե, ուրեմն, պատասխանեմ սույն հրապարակման վերնագրի հարցադրմանը՝ Հայաստանում կառուցե՞լ, թե՞ չկառուցել պղնձաձուլարան։ Կառուցել և անպայման կառուցել ժամանակակից և գերժամանակակից մետալուրգիական գործարան, որտեղ պետք է ստացվի ինչպես զտված ու մաքրված պղինձը, այնպես էլ դրա հարակից բաղադրիչները՝ ծծումբը, երկաթը, ոսկին, արծաթը, սելենը, տելուրը, բիսմութը, կապարը, ցինկը, նույնիսկ պլատինն ու պալադիումը, որոնք, թեկուզև փոքր պարունակություններով, առկա են պղնձի հանքանյութում։
Պղնձաձուլարանի կառուցումը կունենա նաև խոշոր ռազմական ու ռազմավարական նշանակություն։ Դրա շնորհիվ ոչ միայն կվերագործարկվեն ու կզարգանան հարակից արդյունաբերական ձեռնարկությունները, կստեղծվեն հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր, կհարստանա մեր ժողովուրդը և կկրճատվի արտագաղթը, այլև մեր հանրապետությունը կդառնա առավել անվտանգ։
Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ
Մ. Քոթանյանի անվան
տնտեսագիտության ինստիտուտի
գլխավոր
գիտաշխատող